17 Հնս 2016
Նոր գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն Բերդ համայնքում
Ս.թ. հունիսի 15-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ համատեղ, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող CARMAC ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Բերդ համայնքում կազմակերպեց Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի (ԳԱՍԿ) բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ինչպես նաև համայնքի ֆերմերներ և հյուրեր:
«Սա հանրապետությունում թվով 15-րդ կենտրոնն է: Նմանատիպ 11 կենտրոն հիմնվել է միջազգային մի շարք ծրագրերի ֆինասավորմամբ և CARD հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում: Պետությունը շատ է կարևորում գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնների հիմնումը տարբեր մարզերում, քանի որ անասնապահությունը մեր երկրի գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից է: Տավուշի մարզում նույնպես անասնապահության ոլորտում նկատելի առաջընթաց կա»,- իր բացման խոսքում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Կենտրոնը կառաջարկի ծառայությունների լայն շրջանակ ֆերմերային տնտեսություններին, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ, ինչպես նաև կկապի ֆերմերներին անասնաբուժական և գյուղատնտեսական ապրանքների շուկայի հետ:
Սա CARMAC ծրագրի շրջանակում կառուցված թվով 4-րդ կենտրոնն է: Այս ծրագրով անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ են հիմնվել նաև Արագածոտնի մարզի Արտաշավան, Սյունիքի մարզի Խնձորեսկ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում: Եվս մեկ կենտրոն այս տարի կհիմնվի Շիրակի մարզի Փանիկ համայնքում, շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
CARMAC 2 ծրագրով, որը մեկնարկել է 2016 թվականից, նախատեսվում է հիմնել ևս չորս նմանատիպ կենտրոն:
Հաշվի առնելով ոլորտում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ունեցած երկարամյա փորձը՝ ՀՀ կառավարության որոշմամբ հիշյալ կենտրոնների կառավարումն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է հիմնադրամին: