19 Ապր 2017
Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման նոր կենտրոն Եղեգնաձոր համայնքում
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ համագործակցությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության անմիջական մասնակցությամբ և Գերմանիայի դաշնային հանրապետության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հարավային Կովկասի (Հայաստան) էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում հիմնել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն (ԳԱՍԿ): Մասնագիտացված կենտրոնն ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:
Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացմանը, որը կայացավ ս.թ.-ի ապրիլի 18-ին, մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գերմանիայի փոխդեսպան տիկին Նադիա Լիխթենբերգերը, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, WWF հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ինչպես նաև ֆերմերներ և համայնքի ներկայացուցիչներ։
«Ես վստահ եմ, որ նման կենտրոնների հիմնադրումը նպաստում է Հայաստանի տնտեսության մեջ էական և արդյունավետ առաջընթացի ապահովմանը», – իր բացման խոսքում նշեց ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արծվիկ Մինասյանը։
Եղեգնաձորի նոր Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն անասնապահության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։
«Կարծում եմ, որ այս կենտրոնի բացումը կնպաստի ինչպես բնապահպանական գիտակցության բարձրացմանը, այնպես էլ հնարավորություն կստեղծի, որպեսզի գյուղատնտեսները բարելավեն իրենց շահույթ ստանալու հնարավորությունները», – նշեց տիկին Նադիա Լիխթենբերգերը։
Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։