28 Հնս 2017
Նոր Գյուղ համայնքում հիմնվել է Խոզերի գենետիկական կենտրոն
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում փուլ II» ծրագրի շրջանակներում հիմնել է կովկասյան տարածաշրջանում միակը հանդիսացող Խոզերի գենետիկական կենտրոն Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ:
Կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար պարոն Իգնատի Առաքելյան, ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն տիկին Դեբորահ Գրիզերը, Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Նորա Ալանակյանը, Topigs Norsvin Hellas ընկերության գլխավոր տնօրեն պարոն Ջորջ Նիկոլաուն, Մուլտի Ագրո ՍՊԸ-ի տնօրեն տիկին Ռոզա Ծառուկյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Կոտայքի մարզպետարանից, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամից և CARD հիմնադրամից:
Խոզերի գենետիկական կենտրոնն ուղղված է Հայաստանում խոզաբուծության ոլորտի զարգացմանը և նպաստելու է խոզերի գենետիկական հատկանիշների բարելավմանը: Բարձրարժեք գենետիկական հատկանիշներով օժտված Topigs Norsvin կենդանիների ներմուծումը և նոր տեխնոլոգիաներով տոհմանյութի արտադրությունը կնպաստեն գյուղացիական տնտեսությունների եկամուտների աճին: Կենտրոնը խոզերի գենետիկական հատկանիշների բարելավման միջոցով նպաստելու է խոզերի մթերատվության բարձրացմանը, մսի համային հատկանիշների բարելավմանը, ինչպես նաև բավարարելու է խոզի բարձրորակ մսի շուկայական պահանջարկը: Մասնագիտացված կենտրոնը տրամադրելու է նաև խորհրդատվություն, կազմակերպվելու են ուսուցողական դասընթացներ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա մասնագետների կողմից:
Կենտրոնն իր գործունեությունը ծավալելու է Հայաստանի ողջ տարածքում՝ բարձրորակ Topigs Norsvin սերմնահեղուկ ու ծառայություններ մատակարարելով ֆերմերներին՝ մասնավոր անասնաբուժությամբ զբաղվող ավելի քան 45 մասնագետների և 15-ից ավել գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնների միջոցով դրանք հասանելի դարձնելով բոլոր համայնքներում: Կենտրոնը հետագայում նպատակ ունի ծառայությունների շրջանակը տարածել նաև հարևան Վրաստանում:
«Շուրջ 5 տարի է, ինչ Ավստրիայի զարգացման գործակալությունն աջակցում է Հայաստանին, և մասնավորապես գյուղատնտեսության ոլորտին: Սա արդեն երրորդ կենտրոնն է, որ կառուցվում է CARD-ի հետ համագործակցության արդյունքում, և հուսով եմ այն նպաստելու է գյուղատնտեսության ոլորտում նորարար տեխնոլոգիաների կիրառմանը՝ խթանելով համագործակցությունը ոչ միայն հայ, այլև վրացի գործընկերների միջև։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Ավստրիայի կառավարության համար գերակա համարվող ծրագրի շրջանակներում կենտրոնը շուտով նախատեսում է արևային էներգիայի կիրառումը»,- իր խոսքում նշեց Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Նորա Ալանակյանը։