
14 Փտր 2023
Հանդիպում ՀԱԱՀ-ում
Ս.թ. փետրվարի 9-ին «ՀՀ-ում Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) տեղի ունեցավ համատեղ հանդիպում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի՝ «Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի մասնագետների և ՀԱԱՀ-ի ուսանողադասախոսական անձնակազմի հետ: ՀԱԱՀ-ի կողմից ներկա էին անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դասախոսները, ուսանողները, ինչպես նաև ՀԱԱՀ-ի վարժարանի և քոլեջի սաները:
Հանդիպման նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման ընթացքին, ինչպես նաև փոխանցել տեխնիկական գիտելիքներ կենդանիների համարակալման գործընթացի վերաբերյալ՝ ակնկալելով, որ հետագայում այս թեման կընդգրկվի դասավանդման առարկաների մեջ:
Հանդիպման ընթացքում CARD հիմնադրամի սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության փորձագետ Սերգեյ Չախմախչյանը հանգամանալից ներկայացրեց Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման հետ կապված առկա իրավիճակը, խնդիրները, կարևորությունը, համակարգը գործածելու սկզբունքները և ականջապիտակի ամրացման մեթոդաբանությունը:
ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը և դասախոսները կարևորեցին CARD-ի հետ համագործակցությունը և հույս հայտնեցին, որ տվյալ դասընթացները կդառնան շարունակական կրթության մաս՝ նպաստելով պետության համար կարևոր գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը:
* «ՀՀ-ում Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցույց տալիս Ավստրիական զարգացման գործակալությունը՝ CARD հիմնադրամի միջոցով։

