
16 Մյս 2025
Փորձացուցադրական սպանդանոցային կետի բացում Ագարակաձորում՝ ավստրիական փորձի հիման վրա
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի արդյունավետ իրագործման կարևորագույն նախապայմաններից է սպանդանոցների հասանելիությունը և բացառապես սպանդանոցային մորթի իրականացումը։ Վերջինս հնարավորություն է տալիս սպանդի ենթարկված կենդանիների անհատական համարները դուրս գրել էլեկտրոնային հաշվառման համակարգից՝ դրանով իսկ նպաստելով տեղեկատվության ճշգրտությանն ու ամբողջականությանը։
Այս համատեքստում «CARD» հիմնադրամը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ կազմակերպել ու իրականացրել է փորձի փոխանակման այց Ավստրիա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում մանրամասնորեն ուսումնասիրվել է կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը՝ ներառյալ սպանդանոցային ենթակառուցվածքներն ու դրանց ինտեգրումը պետական ծրագրերին։
Ավստրիան և Հայաստանը ունեն նման աշխարհագրական առանձնահատկություններ, ինչը նպաստում է երկու երկրների միջև գյուղատնտեսական փորձի փոխանակմանը: Երկուսն էլ հիմնականում լեռնային երկրներ են, որտեղ տարածքի սահմանափակումները և գյուղատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը կենտրոնացնում են զարգացումն ընտանեկան փոքր ու միջին տնտեսությունների վրա, ինչն էլ նպաստում է հատուկ, բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի արտադրությանը: Այդ նմանությունները Հայաստանի համար հնարավորություն են ստեղծում սովորելու Ավստրիայի փորձը, կիրառելու համանման ռազմավարություններ և բարելավելու գյուղատնտեսական ոլորտը՝ հիմնվելով լավագույն պրակտիկայի և փորձի վրա։
Ավստրիայում գործում են շուրջ 2,500 և ավելի փոքր սպանդանոցային կետեր, որոնք ապահովում են սպանդանոցային մորթի ծառայության հասանելիություն հարակից տարածքում։
Ճանաչողական այցի արդյունքում ՀՀ կառավարությունը 2024 թվականի հունվարի 25-ին ընդունեց թիվ 106-Ն որոշումը, որի համաձայն հնարավոր է հիմնել փոքր սպանդանոցային կետեր՝ մեղմացված կարգավորումներով։ Վերոնշյալ որոշման շրջանակում «CARD» հիմնադրամը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հիմնել է փորձացուցադրական սպանդանոցային կետ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր համայնքում։
2025 թվականի ապրիլի 18-ին Ագարակաձորում տեղի է ունեցել նշված սպանդանոցային կետի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Վայոց ձորի մարզպետարանի, ինչպես նաև «CARD» հիմնադրամի ներկայացուցիչներ և ֆերմերներ։
Ծրագրի հիմնական նպատակն է ներկայացնել և արժևորել փոքր սպանդանոցային կետի և բտման հարթակի մոդելը՝ որպես կենսունակ և արդյունավետ լուծում հարակից համայնքներից կենդանիների ձեռք բերման, բտման, սպանդի, ականջապիտակների հաշվառման համակարգից դուրս գրման, վերահսկելի մսամթերքի շրջանառության և սննդի անվտանգության ապահովման համար։ Նմանատիպ սպանդանոցային կետերի առկայությունը Հայաստանի համայնքներում կնպաստի սպանդանոցների հասանելիության խնդրի լուծմանը ՀՀ տարբեր համայնքներում։
Կարևոր է նշել նաև, որ սույն թվականի մայիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Գևորգ Պապոյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել և հաստատել է «սպանդի հավելավճար» ծրագիրը։ Համաձայն ծրագրի 2025 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը պետությունը կփոխհատուցի սպանդանոցներին յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության համար նախատեսված վճարը։
«Սպանդի հավելավճար» ծրագիրը ևս մշակվել է ավստրիական փորձի հիման վրա և միտված է խթանելու սպանդանոցային մորթի կիրառումը։ Ավստրիայում այն ներդրվել է 2000 թվականին և գործել է մինչև 2010 թվականը։
Ծրագրի կիրառման արդյունքում՝
• զգալիորեն նվազել է կենդանիների բակային մորթը,
• սպանդը իրականացվել է բացառապես պաշտոնական գրանցված սպանդանոցներում,
• սպանդի հաշվետվությունները յոթօրյա ժամկետում արտացոլվել են կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) համակարգում։

